Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման շուրջ համատեղ համաձայնագրի վերջնականացմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ կողմերն արդեն համաձայնեցրել են նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Փոխանցում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
«Եթե երրորդ կողմերը չխոչընդոտեն, ապա համաձայնեցված դրույթները ներառող համատեղ հայտարարությունն առաջիկայում պատրաստ կլինի»,- ասել է Բաղային։
Նրա գնահատմամբ՝ Իրան-Օման համաձայնությունն ինքնին չի կարող նշանակել, թե նեղուցը լիովին անվտանգ է դարձել անցնող նավերի համար, քանի որ ԱՄՆ-ի կողմից «իրավիճակն ապակայունացնող գործոնները, հատկապես ծովային շրջափակումը և Իրանի շահերի դեմ ուղղված սպառնալիքները, դեռևս պահպանվում են»։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումն ունի իր հստակ պահանջները, և դրա վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է կայացվի բացառապես Իրանի և Օմանի միջև։ Նա ընդգծել է, որ Թեհրանը որևէ պարագայում չի ընդունի արտաքին ուժերի միջամտությունը նեղուցի կարգավորման հարցում։
Պաշտոնյան նաև նշել է, որ նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նեղուցում գործող ժամանակավոր բոլոր այլ երթուղիները կփակվեն, իսկ նավերի մուտքի և ելքի երթուղիների նշանակալի մասն անցնելու է Իրանի տարածքային ջրերով։







