Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե «ՀԱՄԱՍ»-ը իսրայելցի զինվորականի կամ քաղաքացիական անձի առևանգի, Գազայի քաղաքի շուրջ մեկ միլիոն բնակիչ ստիպված կլինի տեղափոխվել դեպի հարավ։ Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը։
Կացի խոսքով՝ Իսրայելը տեղեկություններ ունի «Համաս»-ի կողմից նոր առևանգումներ իրականացնելու հնարավոր ծրագրերի մասին։ Նա նախազգուշացրել է նաև «ՀԱՄԱՍ»-ին աջակցողներին՝ այդ թվում Իրանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախարարը չի ներկայացրել ստացված տեղեկությունների մանրամասները։
Կացը հայտարարել է, որ հնարավոր առևանգման դեպքում Իսրայելը կշարունակի Գազայի ենթակառուցվածքների ոչնչացումը և տարածքի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը։ Նա նշել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Ռաֆահում, Բեյթ Հանումում և Գազայի հատվածի տարածքի շուրջ 70 տոկոսում իրականացվել են լայնածավալ ավերածություններ։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Գազայի «Դեղին գծից» և նոր դիրքեր զբաղեցնել այնքան ժամանակ, քանի դեռ «ՀԱՄԱՍ»-ը չի վերացվել, իսկ Գազայի հատվածը չի զինաթափվել և այնտեղ գտնվող թունելները չեն վերացվել։ Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունների հիմնական միջոցներն են բնակչության տարհանումը, ենթակառուցվածքների ոչնչացումը և տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատումը։







