Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին հերթական մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և արտաքին քաղաքականության մի շարք կարևոր հարցերի։ Անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացման գործընթացին՝ ԱԳՆ խոսնակը պարզաբանել է, որ փաստաթուղթը վերջնական հաստատում պետք է ստանա երկրի խորհրդարանի կողմից։
Խոսելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Բաղաեին նշել է, որ Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունները կենտրոնացած են նավագնացության համար անվտանգ երթուղի սահմանելու վրա։ Նա ընդգծել է, որ նեղուցի բացումն անմիջականորեն կախված է Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակման վերացումից, իսկ նավերին մատուցվող ծովային ծառայությունների դիմաց գանձվելու են համապատասխան վճարներ։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է նաև Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ շփումների վերաբերյալ՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ չեն անցկացվում, և կողմերը միմյանց ուղերձներ են փոխանցում բացառապես միջնորդների միջոցով։
Բացի այդ, Բաղաեին հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցը Պակիստան, սակայն պատվիրակության մեկնման հստակ ժամկետներ չի նշել։






