Ռուսաստանի և Վրաստանի միջև աստիճանաբար հարթվում են տարաձայնությունները, և նկատվում է հարաբերությունների բարելավման միտում։ Այս մասին «Lenta.ru»-ին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կտրուկ բարելավման մասին, սակայն երկրների միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ խորհրդարանական շփումներն ակտիվացել են։
Վոդոլացկին նշել է, որ զարգանում են զբոսաշրջային և տնտեսական կապերը, ինչպես նաև վերականգնվում են գործընկերային հարաբերությունները արտադրության ոլորտում։
«Աստիճանաբար հարթվում են այն սուր անկյունները, որոնք կային Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակ»,- ասել է ռուս պատգամավորը։ Վոդոլացկին նաև հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանին իր թշնամին չի համարում, քանի որ, իր խոսքով, Ռուսաստանը երբեք այդպիսին չի եղել։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արևմուտքն ու Ուկրաինան փորձում են Վրաստանին ներքաշել «արյունալի արկածախնդրությունների» մեջ։








