Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը կենտրոնական իշխանություններին 30 օր ժամանակ է տվել՝ միգրացիոն ճգնաժամի իրավիճակը բարելավելու համար, հակառակ դեպքում նա սպառնացել է դիմել դատական և այլ պետական մարմինների։ Այս մասին հայտնում է «El Pais»-ը։
Վիվասի խոսքով՝ Մադրիդը օգոստոսի սկզբին հայտարարել էր, թե քաղաքում իրավիճակը կարգավորվել է, սակայն դրանից հետո գործնական քայլերը գրեթե դադարել են։ Նա հայտարարել է, որ Սեուտայի իշխանությունները պատրաստվում են հարցը բարձրացնել նաև Իսպանիայի խորհրդարանում և եվրոպական կառույցներում։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր միգրանտներ Մարոկկոյից ծովով և ցամաքով փորձել էին հասնել Սեուտա։ Ճգնաժամի ֆոնին Մադրիդը քաղաքում անվտանգության ապահովմանը աջակցելու համար զինվորականներ է ներգրավել։
Նշենք, որ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ միգրանտների մեծ մասը վերադարձել է Մարոկկո, սակայն Սեուտայում դեռ կարող է մնալ մոտ 5 հազար մարդ։






