ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը չի երկարաձգի Թեհրանի հետ խաղաղության բանակցությունների պատուհանը, քանի որ լրացել է ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրով նախատեսված 60-օրյա ժամկետը: Փոխանցում է New York Post-ը:
«Դե, նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց չեն պատրաստվում կնքել այնպիսի համաձայնագիր, որն իմ կարծիքով անհրաժեշտ է», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտնել է Թրամփը։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ նա կրկին պնդել է, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ունի նեղուցի նկատմամբ: «Մենք վերահսկում ենք այն: Մենք վերահսկում ենք այն շրջափակման միջոցով: Ինձ դուր է գալիս այն ԱՄՆ տարածք հայտարարելու միտքը, մենք լիակատար վերահսկողություն ունենք նեղուցի նկատմամբ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։ Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարն այլևս չի գործում, ինչից հետո ԱՄՆ-ը մի շարք հարվածներ էր հասցրել Իրանին։ Հուշագրով նաև 60-օրյա ժամկետ էր սահմանվել, որը կողմերը պետք է օգտագործեին բանակցությունների համար:








