Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ջարեդ Քուշները Երուսաղեմում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը ամբողջովին չի զինաթափվել, իսրայելական զորքերը դուրս չեն գա Գազայի հատվածից, և տարածքում որևէ վերականգնողական աշխատանք չի իրականացվի: Այս մասին հայտնում է France 24-ը:
Իսրայելական կողմը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործընթացը ղեկավարելու է Միջազգային կայունացման ուժերի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսը: ԱՄՆ-ի «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչը հավաստիացրել է, որ հավաքված զենքը շարքից հանվելու է, իսկ Իսրայելը «պահպանելու է ինքնապաշտպանության իր լիարժեք իրավունքը՝ վերասպառազինման կամ ահաբեկչական նոր փորձերի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»:
Նշենք, որ Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Քուշները և «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները Եգիպտոսում հանդիպել են ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ, որը գլխավորել է խմբավորման նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայան: Բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը պահանջել է, որ խմբավորումը ոչ միայն ապացուցի զենքը հանձնելու պատրաստակամությունը, այլև հրաժարվի Գազայի ապագա կառավարման մեջ որևէ դերակատարումից: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ հավատարիմ են հուլիսի 30-ին ձեռք բերված խաղաղության ծրագրին և կոչ են արել Վաշինգտոնին ճնշում գործադրել Նեթանյահուի վրա:








