Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել ռուսական մեդիա և տեղեկատվական դաշտում վերջին շրջանում հնչած հայտարարությունների կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին փոխանցվել են Բաքվի «լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը»՝ այդ հայտարարությունները որակելով սադրիչ։
Ադրբեջանական կողմը նաև կոչ է արել խուսափել երկրի ներքաղաքական գործընթացներին միջամտելուց և Ադրբեջանի ժողովրդի ու ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերից՝ պահանջելով ձեռնարկել «անհապաղ և արդյունավետ միջոցներ»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում էր հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, մեդիա փորձագետ Սեմյոն Ուրալովի և ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց մեղադրում են ահաբեկչության և պետության դեմ ուղղված գործողությունների կոչերի, ինչպես նաև ազգային ատելություն հրահրելու համար։








