Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է օրենք, որը նախատեսում է պայմանական ներում շնորհել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հազարավոր զինյալների: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Ազգային համերաշխության և սոցիալական համախմբվածության ամրապնդման մասին» անվանումը կրող օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել, սակայն դրա դրույթները կկիրառվեն միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հաստատի, որ քրդական խմբավորումն ամբողջությամբ լուծարվել է և վայր է դրել զենքերը:
Թուրքիայի խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված նախագծով PKK-ի դատապարտված անդամների ազատազրկման պատիժների կրումը կասեցվելու է, իսկ ընթացքի մեջ գտնվող քննություններն ու դատավարությունները հետաձգվելու են 5-ից 10 տարի ժամկետով՝ կախված «հանցագործության» ծանրությունից: Բացի այդ, օրենքով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը վերահսկելու է PKK-ի զինաթափման գործընթացը և իր առաջին նիստը գումարելու է առաջիկա շաբաթվա ընթացքում:
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված PKK խմբավորումը 2025 թվականին հայտարարել էր լուծարվելու որոշման մասին:Ցմահ ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչից հետո PKK-ի մարտիկների մի մասն Իրաքի հյուսիսում կազմակերպված խորհրդանշական արարողության ընթացքում վայր էր դրել զենքերը և Թուրքիայի տարածքից նահանջել դեպի Իրաքյան Քրդստան:
Հատկանշական է, որ օրենքով սահմանված պայմանական ներումը չի տարածվում Օջալանի և PKK-ի այլ առանցքային ղեկավարների վրա:







