Ռուսաստանը պատրաստ է վերանայել Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման գործող սահմանափակումները, եթե հայկական կողմը հաշվետվություն ներկայացնի սանիտարական ստուգումների արդյունքների վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Россельхознадзор»-ից։
Ծառայությունը Հայաստանից ակնկալում է նաև ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջների պահպանմանն ուղղված գործողությունների ծրագիր։
Նշենք, որ «Россельхознадзор»-ը հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից բուսասանիտարական հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։
Ռուսաստանի գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները պատճառաբանել է հայկական արտադրողների մոտ որակի նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացակայությամբ:








