Ֆրանսիայում հոկտեմբերի 5-ին մոտ 500 ավագ դպրոցում դասերը ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել են՝ անվտանգության խնդիրների պատճառով։ Երկրում նախորդ շաբաթվանից սկսվել են աշակերտների բողոքի ցույցեր և արդեն տարածվել են Փարիզից դուրս՝ հասնելով նաև այլ քաղաքներ։ Այս մասին հայտնել է «BBC»-ն։
Աշակերտները բողոքում են դպրոցներում ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և շենքերի վատ վիճակից՝ պահանջելով ավելի լավ պայմաններ և լրացուցիչ ռեսուրսներ։ Վերջին օրերին ցույցերի ընթացքում որոշ վայրերում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։
Կրթության նախարար Էդուար Գեֆրայը հայտնել է, որ բողոքի շարժման սկսվելուց հետո 24 դպրոց այրվել կամ թալանվել է, իսկ կրթության ոլորտի 78 աշխատակից վիրավորվել է։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսի տվյալներով՝ միայն ուրբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է 1747 մարդու։ «AFP»-ի հաղորդմամբ՝ ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվածների թիվը գերազանցել է 5000-ը, որոնց շուրջ 85%-ը անչափահասներ են։
Բողոքի կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցերը կշարունակվեն նաև երեքշաբթի։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դպրոցներում դասերը շարունակելու, կրթական պայմանները բարելավելու և դպրոցական օրն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։







