Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում Թուրքիային ներքաշում է «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելը ոչ մեկին թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Էրդողանի համար նախընտրելի է Թուրքիայի խորհրդարանում շարունակել Իսրայելի դեմ դատարկ և անհեթեթ ելույթները, քան փորձել ինքնապաշտպանության հարցում Իսրայելի վճռականությունը»,- գրել է Կացը սոցիալական ցանցում։
Հայտարարությունը հնչել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության շուրջ Անկարայի և Թել Ավիվի միջև լարվածության ֆոնին։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում Թուրքիայի այնպիսի ռազմական ներկայությունը, որը կարող է սպառնալիք ներկայացնել իր երկրի համար։
Էրդողանն իր հերթին վերջին շրջանում բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին՝ մեղադրելով նրան Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրման մեջ։








