Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության զինված ուժերը հայտարարել են, որ վերջին 24 ժամում իրականացված շուրջ 500 ռազմական գործողության հետևանքով 1540 հութի է զոհվել կամ վիրավորվել։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
Հութիները կորուստների մեծ մասը կրել են Թաիզ նահանգում, որտեղ կառավարական ուժերին հաջողվել է կասեցնել նրանց առաջխաղացումը։ Կառավարական ուժերի կորուստների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Եմենի բանակի խոսնակ, գնդապետ Մաջեդ Աբդալլահ ալ Նազիլին հայտարարել է, որ զինված ուժերը հութիների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Սանայում ռազմական գործողություն են իրականացնում՝ թիրախավորելով, իր ձևակերպմամբ, «օրինական, կենսական նշանակության ռազմական օբյեկտներ»։ Բանակի հաղորդմամբ՝ երկրի տարբեր հատվածներում հութիների դիրքերին նաև հրթիռային, անօդաչու թռչող սարքերով և հրետանային հարվածներ են հասցվել։
Միաժամանակ կառավարական ուժերը փակել են Թաիզի Ալ Հոուբան անցակետը, որը կապում է հութիների վերահսկողության տակ գտնվող Ալ Հոուբանը կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Թաիզ քաղաքի հետ։ Բանակի ներկայացուցիչ Ամմար ալ Սամիին հայտնել է, որ որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով՝ այդ ճանապարհով քաղաք ներթափանցելու հութիների փորձից և շրջակայքում հարձակումներից հետո։ Անցակետը ինը տարի փակ մնալուց հետո 2024 թվականին վերաբացվել էր քաղաքացիական անձանց համար՝ մարդասիրական նկատառումներով։
Կառավարության և հութիների միջև 2022 թվականին հաստատված փխրուն հրադադարը խախտվել է այս տարվա հուլիսին, ինչից հետո մարտերն էապես սրվել են։ Սեպտեմբերի կեսերին հութիները գրավել են Մոխա նավահանգստային քաղաքը և Բաբ էլ Մանդեբ նեղուցի ռազմավարական նշանակության կղզիները։ Դրանից հետո հութիների դեմ կռվող ուժերին հիմնականում հաջողվել է կայունացնել ռազմաճակատի գիծը։ Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։







