Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են ռազմական գործողությունների։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ Իրանի դեմ տնտեսական պատերազմը շարունակելու դեպքում Թեհրանը թույլ չի տա նավթի արտահանումը Պարսից ծոցից։ Այս մասին Ռեզային հայտարարել է պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է Tasnim-ը:
«Մեր եղբայրները պատրաստ են գործողության, սակայն մենք գործում ենք խելամիտ և տրամաբանական։ Հուսով ենք՝ ամերիկացիները կդադարեցնեն իրենց թշնամական գործողությունները, և մենք ստիպված չենք լինի հասնել հաջորդ փուլին»,-հայտարարել է Ռեզային։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան նաև նախազգուշացրել է հարևան երկրներին՝ չմասնակցել Իրանի դեմ տնտեսական ճնշումներին։ «Բոլոր հարևան երկրներին ասում ենք՝ չմտնել Իրանի դեմ տնտեսական պատերազմի մեջ։ Յուրաքանչյուր երկիր, որը կմիանա դրան, մենք կհամարենք թշնամի։ Սկզբում կբանակցենք, որպեսզի դա չանեն, իսկ եթե շարունակեն, այդ երկիրը կդառնա մեր թիրախը»,-ասել է նա։
Ռեզային հայտարարել է, որ Իրանի դեմ տնտեսական պատերազմի շարունակման դեպքում Թեհրանը կարող է ամբողջությամբ կանգնեցնել նավթի դուրսբերումը Պարսից ծոցից։ «Եթե նման բան սկսվի, մենք թույլ չենք տա, որ նույնիսկ մեկ կաթիլ նավթ դուրս գա Պարսից ծոցից։ Նավթը դուրս չի գա ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցից»,- հայտարարել է նա։
Ռեզային նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցն այս պահին փակ է, և այն չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը։ «Հորմուզի նեղուցը, հակառակ ամերիկացիների պնդումների, փակ է, և քանի դեռ ԱՄՆ-ը չի շտկել իր վարքագիծը, այն չի բացվի»,- ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը։
Ռեզային նշել է, որ Իրանը մինչև այժմ չի հարձակվել ԱՄՆ-ի տնտեսական շահերի վրա, թեև հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմակայաններին։ «Մենք մինչև այժմ չենք հարձակվել ԱՄՆ-ի որևէ տնտեսական շահի վրա։ Այո, հարվածել ենք ամերիկյան բազաներին։ Բայց մի՞թե ԱՄՆ-ը մեր կողքին քիչ տնտեսական շահեր ունի»,- ասել է նա։







