Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, իսկ առաջիկա հինգ տարիներին ՀԱՊԿ-ում աշխատանքն ակտիվացնելու ծրագիր չունի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը կազմակերպության ակտիվ աշխատանքներին չի նախատեսվում։
«Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, և գիտեմ՝ այնտեղ քննարկում կա․ կազմակերպությունում, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, որ երկրին կարելի է հեռացնել։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել է վարչապետը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության նոր հնգամյա ծրագրում ՀԱՊԿ-ը չի հիշատակվում։
Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Նրա խոսքով՝ անդամակցության հարցով հանրաքվեն նպատակահարմար է անցկացնել այն ժամանակ, երբ Հայաստանը ԵՄ-ից համապատասխան արձագանք ստանա և արդեն առկա լինի գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ։
«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանը նպատակ ունի մինչև 2029 թվականը հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունն այդ հարցով ակտիվ բանակցություններ է վարում։
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը Ռուսաստանում որոշակի մտահոգություններ է առաջացրել, սակայն, նրա գնահատմամբ, դրա խորքային պատճառը երկկողմ հարաբերություններում սկսված փոփոխություններն են։
«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումն իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ ՌԴ-ում մտահոգությունների հիմնարար պատճառն այն տրանսֆորմացիան է, որն սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պատմականորեն հիմնականում ընկալվել են ռազմական և անվտանգային համատեքստում, սակայն 2023 թվականի իրադարձությունները ցույց են տվել, որ սեփական անվտանգային խնդիրների պայմաններում Ռուսաստանը կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու հարցում։
Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում Ռուսաստանին և նրա շահերին, սակայն արտաքին քաղաքական և անվտանգային հարաբերությունների վերափոխումը շարունակվելու է՝ Հայաստանի շահերից ելնելով։








