ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ ՌԴ պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով։ Այս մասին հաղորդում են ամերիկյան CBS News-ը և Axios-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Ամերիկյան լրատվամիջոցները չեն հայտնել, թե Ռեթքլիֆը Մոսկվայում ում հետ է հանդիպելու կամ ինչ հարցեր են քննարկվելու։
ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես չի հաստատել, բայց նաև չի հերքել Ռեթքլիֆի այցի մասին հաղորդումները։ Reuters-ին նա հայտնել է, որ Պուտինը Ռեթքլիֆի հետ հանդիպում չի նախատեսում։
Եթե տեղեկությունը հաստատվի, Ռեթքլիֆի այցը կլինի 2021 թվականի նոյեմբերից ի վեր ԱՄՆ հետախուզական կառույցի ղեկավարի առաջին հայտնի այցը Մոսկվա։ Այդ ժամանակ Ռեթքլիֆին նախորդած ղեկավարը՝ Ուիլյամ Բըրնսը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այցի մասին տեղեկությունների ֆոնին հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ը նախորդ շաբաթ Ուկրաինային խնդրել է օգոստոսի 24-26-ը հարվածներ չիրականացնել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի հյուսիսային որոշ տարածքների ուղղությամբ։ Financial Times-ի հաղորդմամբ՝ նման խնդրանքը ռուսական մայրաքաղաք թռչող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի ինքնաթիռի անվտանգության ապահովմամբ է պայմանավորված:
Տեղեկությանը ծանոթ աղբյուրը հաստատել է ԱՄՆ-ի կողմից նման հաղորդագրություն ուղարկելու փաստը, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել։







