Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին օգոստոսի 27-ին կայցելի Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման հնարավորությունները քննարկելու համար։
Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարիի փոխանցմամբ՝ Թեհրանում նախատեսված են հանդիպումներ Իրանի մի շարք պաշտոնյաների հետ՝ «լարվածության թուլացման ուղիները քննարկելու» և «երկխոսության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու» նպատակով։
Իրանական կողմը ևս հաստատել է այցը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում կլինեն Կատարի միջնորդական ջանքերի շարունակությունն ու տարածաշրջանային զարգացումները։
Թեհրանում քննարկվելու է նաև Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը։ Կատարի ԱԳՆ-ի համաձայն՝ նպատակներից մեկը մինչև փետրվարի 28-ը գոյություն ունեցած իրավիճակի վերականգնումն է։
Նշենք, որ Կատարը վերջին ամիսներին միջնորդի դեր է ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Դոհայի միջնորդությամբ հունիսին կողմերը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը ժամանակավորապես դադարեցրել էր ռազմական գործողությունները, սակայն հուլիսին պայմանավորվածությունները խախտվել էին։







