Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները ՄԱԿ-ի 23-րդ արտահերթ նիստի ընթացքում կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են ընտրել Մավրիտանիայի ներկայացուցիչ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդին։ Այս մասին հայտնել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
Նիստը անցկացվել է օգոստոսի 27-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ կազմակերպության գլխավոր քարտուղարության կենտրոնակայանում։
Շեյխ Ահմեդը երդում է տվել որպես Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հուսեյն Իբրահիմ Թահային։
Իր ելույթում նորանշանակ գլխավոր քարտուղարը նշել է, որ իր ընտրությունը իր կարիերայի ամենամեծ պատիվն է և ամենաբարձր վստահությունը, որը ստացել է ավելի քան երեք տասնամյակ միջազգային, տարածաշրջանային և ազգային ծառայությունից հետո։
Նա ընդգծել է, որ խորապես գնահատում է անդամ պետությունների կողմից իրեն ցուցաբերած վստահությունը և պատրաստ է գործնական քայլերով արդարացնել կազմակերպության անդամների ակնկալիքները։
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաև Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը։ Նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային հանդիպումը կազմակերպելու հրավերի և Պաղեստինի հարցում ցուցաբերած հետևողական աջակցության համար։
Պաղեստինի նախարարը անդրադարձել է տարածաշրջանի երկրների դեմ Իսրայելի գործողություններին՝ նշելով, որ տասնամյակներ շարունակ անպատժելիությունը Իսրայելին հնարավորություն է տվել ավելի համարձակ գործել տարածաշրջանի պետությունների նկատմամբ։
Աղաբեկյան Շահինը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին գործնական, քաղաքական և իրավական միջոցներ ձեռնարկել՝ վերաբնակիչների կողմից իրականացվող հանցագործությունների հեղինակներին, ինչպես նաև նրանց աջակցող և ֆինանսավորող կողմերին պատասխանատվության ենթարկելու համար։
Նա նաև ընդգծել է, որ Երուսաղեմում և Ալ-Աքսա մզկիթի տարածքում իրականացվող ներխուժումները, խախտումներն ու պատմական և իրավական ստատուս քվոն փոխելու փորձերը ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։






