2027 թվականից Թուրքիայում կրկին կանցկացվեն «Ֆորմուլա-1»-ի մրցարշավներ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Այսպիսով վեց տարվա դադարից հետո Թուրքիան կրկին կհյուրընկալի «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին։ Կնքված համաձայնագրի համաձայն՝ մրցումները Թուրքիայում կանցկացվեն մինչև 2031 թվականը։
Մրցարշավները տեղի կունենան Ստամբուլի «Istanbul Park» ավտոդրոմում, որի երկարությունն ավելի քան 5,3 կմ է։ Մրցուղին հայտնի է բարդ ռելիեֆով և հատկապես 8-րդ երկարատև շրջադարձով, որը համարվում է «Ֆորմուլա-1»-ի ամենաբարդ հատվածներից մեկը։
Թուրքիան նախկինում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի է հյուրընկալել 2005-2011 թվականներին, ինչպես նաև 2020 և 2021 թվականներին։








