ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի կողմից խոշոր հարձակման նախապատրաստման մասին զգուշացրել էր հոկտեմբերի 7-ի հարձակումից 10 օր առաջ։ Այս մասին հայտնել է «Haaretz»-ը։
Ըստ հրապարակման՝ 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Բեն Զայեդը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի այն ժամանակվա առաջնորդ Յահյա Սինվարը պատրաստվում է խոշոր գործողության։ Նա նշել է, որ հարձակումը կարող է բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ և ապակայունացնել տարածաշրջանը։ Նեթանյահուն, ըստ «Haaretz»-ի, պատասխանել է, որ ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություն իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափին և վստահեցրել, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի։
Հրապարակման համաձայն՝ Նեթանյահուն նախազգուշացման մասին չի հայտնել անվտանգության ոլորտի ղեկավարներին։ Նույն ժամանակահատվածում նրան ՀԱՄԱՍ-ի կողմից նախապատրաստվող «սարսափելի գործողության» մասին զգուշացրել էր նաև Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբաս Քամելը։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է հրապարակումը՝ այն անվանելով «բացարձակ սուտ»։ Գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն այդ ժամանակահատվածում չի խոսել ԱՄԷ-ի նախագահի հետ և նրանից որևէ նախազգուշացում չի ստացել։
Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը, սակայն, հայտարարել է, որ «Haaretz»-ի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը՝ նշելով, որ Նեթանյահուն նախազգուշացումներ ստացել էր ինչպես ԱՄԷ-ից, այնպես էլ Եգիպտոսից։







