Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումներ նախատեսող օրենսդրական նախագիծը։ Հարցն ընդգրկված է սեպտեմբերի 14-17-ը Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի օրակարգում։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որը նախատեսում է ժամանակավորապես վերացնել մաքսատուրքերը Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար։ Միաժամանակ նախատեսվում է անհրաժեշտության դեպքում պաշտպանական միջոցներ կիրառել եվրոպական շուկայի համար։
Նախաձեռնությունը ներկայացվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է սահմանել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ՝ դրանք հիմնավորելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։
Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ծաղիկներին, հանքային ջրին, որոշ խմիչքների, մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի, ձկան և այլ արտադրանքի մատակարարումներին։ Սահմանափակվել է նաև հայկական ծագման որոշ ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ։








