Եմենի հութիները նոր հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով երկրի հարավում գտնվող «Խամիս Մուշայթ» ավիաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Եմենի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին։
Հութիները հայտարարել են, որ թիրախավորել են ավիաբազայի ինքնաթիռների անգարները, ռադարները, թռիչքուղիներն ու զինամթերքի պահեստները։ Սաուդյան կողմի տվյալներով՝ հարձակումների հետևանքով վիրավորվել է 13 քաղաքացիական անձ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հութիները նաև վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի Պերիմ կղզու նկատմամբ։ Միաժամանակ Սաուդյան և Եմենի կառավարական ուժերը ուժեղացրել են հութիների դիրքերի ռմբակոծությունները, սակայն վերջիններս շարունակում են վերահսկել Եմենի Կարմիր ծովի ափի գրեթե ամբողջ հատվածը։
Հութիների հարձակումների ակտիվացման ֆոնին հետաձգվել է Օմանում Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև նախատեսված հանդիպումը։ Իրանական կողմը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան է խնդրել հետաձգել հանդիպումը։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մինչ այժմ հրաժարվել է Սաուդյան Արաբիայի՝ հութիների դեմ անմիջական ռազմական միջամտության խնդրանքից՝ սահմանափակվելով հետախուզական աջակցությամբ։







