Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանից Եվրամիություն ներմուծվող մի շարք ապրանքների համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման առաջարկին։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ին՝ 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նախատեսվում է, որ Հայաստանի արտադրանքի մի շարք տեսակների համար մաքսատուրքերը կվերացվեն երկու տարով։ Միաժամանակ, ութ տեսակի գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, բալի, դեղձի և վարունգի համար կսահմանվեն անմաքս ներմուծման քվոտաներ։
Հաջորդիվ Եվրոպական միության խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատի որոշումը։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։
Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդն արդեն համաձայնություն էր տվել Հայաստանի արտադրանքի նկատմամբ ժամանակավոր առևտրային արտոնությունների սահմանմանը։ Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ միջոցառումները նախատեսվում է տարածել Հայաստանի՝ ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսի վրա։







