ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Երկրի ուղեծրում տեղակայել է տիեզերական զենք, որը կարող է օգտագործվել հարձակողական նպատակներով։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը հայտարարել է, որ ուղեծրում տեղակայված զենքն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը հակառակորդի հնարավոր գործողություններից պաշտպանելու համար։ Նա չի հայտնել, թե ինչ հնարավորություններ ունի այդ համակարգը և երբ է այն ուղեծիր դուրս բերվել։
ԱՄՆ զինված ուժերի ղեկավարները նախկինում հայտարարել էին տիեզերքում ռազմական կարողությունների ընդլայնման ծրագրերի մասին՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը մշակում են ամերիկյան արբանյակները խափանելու կամ ոչնչացնելու միջոցներ։
Նշենք, որ 2019 թվականին ստեղծվել է ԱՄՆ «Space Force»-ը, որի հայտարարված նպատակն է տիեզերքում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ կապի և հետախուզության համար օգտագործվող արբանյակների պաշտպանության ապահովումը:
Հավելենք, որ 1967 թվականին ընդունված «Տիեզերական տարածության մասին պայմանագիրը» միջազգային համաձայնագիր է, որը սահմանում է տիեզերքում պետությունների գործունեության հիմնական կանոնները։ Այն արգելում է Երկրի ուղեծրում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի տեղակայումը, սակայն չի արգելում այլ տեսակի տիեզերական սպառազինությունների տեղակայումը։







