Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն:
Լիլուաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել: Փաստաբանները հայտարարել են, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
Դատախազության վարկածի համաձայն՝ գործի դրվագները վերաբերում են հետևյալ դեպքերին.
- 1 մլն ԱՄՆ դոլարի կաշառք – 2022 թվականի հոկտեմբերին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից՝ հողմաէլեկտրակայանների կառուցման հետ կապված համագործակցության հուշագրի կնքմանն աջակցելու համար։ Ըստ մեղադրանքի՝ գումարը փոխանցվել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեի միջոցով։
- 1,5 մլն լարիի կաշառք – 2022 թվականի փետրվարին «Expressservice 2008» ընկերության հիմնադիր Գեորգի Խաժալիայից՝ գազաֆիկացման մրցույթներին աջակցելու դիմաց։ Այս դրվագում ևս, ըստ մեղադրանքի, միջնորդել է Միքաուտաձեն։
- Հեռախոսազանգերի կեղծ կենտրոնների գործունեությանը հովանավորություն 2021-2023 թվականներին – դատախազության տվյալներով՝ Լիլուաշվիլին այդ գործունեությունից իր ազգական Սանդրո Լիլուաշվիլիի միջոցով ստացել է շուրջ 1 մլն 365 հազար դոլար։
- Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին ղեկավար Կախա Գվանցելաձեի գործունեության հովանավորում – ըստ մեղադրանքի՝ Գվանցելաձեն մանկապարտեզների գնումների պայմանագրերից ստացել է ապօրինի շահույթ, իսկ Լիլուաշվիլին պաշտոնական դիրքն օգտագործել է նրան հովանավորելու համար։
Լիլուաշվիլին ՊԱԾ-ը ղեկավարել է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ապրիլը՝ ավելի քան հինգ տարի։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին նա ձերբակալվել էր՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործերի շրջանակում։







