Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն չորս մարդ վիրավորվել է։ Հարձակումը տեղի է ունեցել արհեստագործական և տեխնիկական ավագ դպրոցի դիմաց։ Այս մասին հայտնել է «Associated Press»-ը։
Մանիսայի նահանգապետարանից հայտնել են, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և շտապօգնության խմբեր։ «HaberTürk»-ի հաղորդմամբ՝ վիրավորվածների մեծ մասը աշակերտներ են։ Հրաձիգը, ըստ լրատվամիջոցի, որսորդական հրացանով կրակել է դպրոց ժամանող աշակերտների ուղղությամբ։
Հիշեցնեն, որ վերջին շրջանում Թուրքիայում դպրոցներում հրաձգության երկու դեպք է գրանցվել։ Ապրիլին հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 14-ամյա աշակերտը կրակ էր բացել իր դպրոցի երկու դասարանների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր ինը աշակերտ և ուսուցիչ, ևս 13 մարդ վիրավորվել էր։ Հարձակվողը սպանվել էր ոստիկանության կողմից։
Դրանից մեկ օր առաջ Շանլըուրֆա նահանգի ավագ դպրոցներից մեկում նախկին աշակերտը կրակ էր բացել, ինչի հետևանքով 16 մարդ, հիմնականում աշակերտներ, վիրավորվել էին։ Հարձակվողը հետագայում ինքնասպան էր եղել։







