Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։ Ելույթի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և նշել․
«Մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։ Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ընդգծել է Փաշինյանը:
Մյուս երկու հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, ՀՀ-ի համար ունեն բացառիկ կարևորություն և բարիդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ։
Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանի կայունության և զարգացման գործում իր բաժին ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը։








