Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով նրան «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու և Օսմանյան կայսրության վերականգնումը երազելու մեջ։
Կացը նաև կոչ է արել Էրդողանին դադարեցնել Իսրայելի դեմ «հակամարտություն հրահրելը»։
Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ Կացի արտահայտությունները չեն փոխում Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականը։ Նա Իսրայելի իշխանություններին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
«Մենք հասկանում ենք Կացի առանձնահատուկ հետաքրքրությունը թուրքական հեռուստասերիալների նկատմամբ։ Այնուամենայնիվ, նրա համար անհրաժեշտ է մի փոքր հիշեցում։ Պատմությունը միշտ չէ, որ սովորում են հեռուստասերիալներից. այն գրվում է ազգերի հիշողության մեջ և մարդկության խղճում։ Սա է իրական ճշմարտությունը, որը իրականությունից կտրված հասկացողությունը դժվարանում է տեսնել։ Այսօր պատմությունը գրվում է մեր աչքերի առաջ»,- նշել է Դուրանը։







