ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցի շրջանում բարձր էներգիայի լազերային համակարգեր են տեղակայում և դրանք Մերձավոր Արևելքում կիրառում անօդաչու թռչող սարքերի դեմ։ Այս մասին հայտնել է «NDTV»-ն։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ լազերային համակարգերը կիրառվում են «անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների ոչնչացման համար»՝ ավելի ցածր ծախսերով, քան թանկարժեք կինետիկ զենքերի, այդ թվում՝ հրթիռների կիրառումը։
Լազերային տեխնոլոգիան ԱՄՆ-ը զարգացնում է շուրջ 50 տարի։ Համակարգերը էներգիա են ստանում գեներատորներից կամ մարտկոցներից, այնուհետև էներգիան վերածվում է ֆոտոնների, որոնք կենտրոնացվում են մեկ ճառագայթի մեջ։ Այն թիրախի մակերեսը տաքացնում է այնքան, որ այն շարքից դուրս է գալիս կամ պայթում։
«Directed Energy Consultants» ընկերության նախագահ Մարկ Նայսը նշել է, որ համակարգը հնարավորություն է տալիս ճշգրիտ հետևել և թիրախավորել անօդաչու սարքերին և լազերային ճառագայթը ուղղել անհրաժեշտ կետին՝ դրա սենսորներն անջատելու կամ հենց անօդաչու սարքը ոչնչացնելու համար։
ԱՄՆ զինվորականներն այդ համակարգերը կառավարում են վերափոխված Xbox խաղային վահանակների կարգավորիչներով։
Փորձագետների խոսքով՝ լազերային զենքերի կիրառումը կարող է նվազեցնել զինամթերքի պահեստավորման և մատակարարման անհրաժեշտությունը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի պաշտպանական ուսումնասիրությունների ավագ գիտաշխատող Բրենթ Զիարնիկը նշել է, որ բավարար էներգիայի ապահովման դեպքում այդ համակարգերը կարող են ստեղծել արդյունավետ պաշտպանական միջոց և էապես փոխել ռազմական լոգիստիկան։
Միևնույն ժամանակ, լազերային համակարգերն ունեն սահմանափակումներ․ դրանց արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են հիմնականում պարզ երկնքի պայմաններ, իսկ միաժամանակ մեծ թվով անօդաչու սարքերի կիրառման դեպքում դրանց արդյունավետությունը կարող է նվազել։







