Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ևս շուրջ 10 հազար զինվոր ուղարկել Ռուսաստան։ Նրա խոսքով՝ ավելի քան 8 հազար հյուսիսկորեացի զինվոր արդեն գտնվում է Ռուսաստանի տարածքում։ Այս մասին Զելենսկին հայտնել է երեկոյան ուղերձում՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հետախուզության նոր տվյալներին։
Զելենսկիի խոսքով՝ զինվորներին այժմ ընտրում են՝ պատրաստության անցնելու և այնուհետև Ռուսաստան տեղափոխվելու համար։ Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը նախատեսում է ավելացնել օտարերկրյա քաղաքացիների ներգրավումը պատերազմին և կոչ է արել այն երկրների իշխանություններին, որոնց քաղաքացիներին Ռուսաստանը ներգրավում է իր բանակ, կանխել այդ գործընթացը։
Հարավային Կորեայի հետախուզության գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան արդեն շուրջ 15 հազար զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ վերջինիս աջակցելու համար։ Ըստ այդ գնահատականների՝ դրա դիմաց Փհենյանը Մոսկվայից ստանում է ֆինանսական միջոցներ, ռազմական տեխնոլոգիաներ և անվտանգության երաշխիքներ։







