Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Նեթանյահուի՝ կիրակի օրը գաղտնի այցով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու մասին լուրը, որտեղ նա հանդիպել է երկրի նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել է «The Times of Israel»-ը։
Այցը հաստատել է նաև ԱՄԷ-ի պետական «WAM» լրատվական գործակալությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ԱՄԷ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև դրանց ամրապնդման և զարգացման ուղիները։ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ այցը կենտրոնացած է եղել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իսրայելում վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄԷ-ի նախագահը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ Նեթանյահուին նախազգուշացրել էր հնարավոր հարձակման մասին։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Նեթանյահուն բեն Զայեդին խնդրել է հերքել այդ տեղեկությունը։
Նեթանյահուի գրասենյակը, սակայն, հերքել է այս տեղեկությունը՝ այն անվանելով «կեղծ լուր»։ ԱՄԷ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նման քննարկման մասին չի նշվում։
Այցի ընթացքում Նեթանյահուի հետ Աբու Դաբի են մեկնել նաև «Մոսադ»-ի տնօրեն Ռոման Գոֆմանը, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Շմուել Բեն-Էզրան, վարչապետի ռազմական քարտուղար Գայ Մարկիզենոն և «Շին Բեթ»-ի անվտանգության բաժնի ղեկավարը։ Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, նույնպես եղել է պատվիրակության կազմում։
Իսրայելական «Kan» հեռուստաալիքի տվյալներով՝ Նեթանյահուի և բեն Զայեդի հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված քննարկում, որին մասնակցել են նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քննարկման թեմաներից մեկը եղել է Իրանի դեմ տարածաշրջանային համագործակցությունը։








