Վրաստանում փակվում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (KAS) գրասենյակը։ Կառույցը հայտնել է, որ հուլիսի 28-ին Վրաստանի կառավարությունը մերժել է KAS-ի՝ ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ հայտերը, որոնք ներկայացվել էին «Դրամաշնորհների մասին» նոր օրենքին համապատասխան։
Հիմնադրամը նշել է, որ նոր պայմաններում իր գործունեությունը շարունակելու ուղղությամբ գործադրված ինտենսիվ ջանքերը, այդ թվում՝ Գերմանիայի դաշնային կառավարության կողմից, արդյունք չեն տվել։
«Ծրագրերի հաստատումը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե դրանք այլևս չհամապատասխանեին հիմնադրամի քաղաքական բնույթին և առաքելությանը։ Վրաստանում պարզապես ներկայություն պահպանելը՝ առանց բուն առաքելությունն իրականացնելու հնարավորության, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի համար ընդունելի տարբերակ չէ։ Հետևաբար, գրասենյակի փակումն անխուսափելի հետևանք է, որը պայմանավորված է Վրաստանի կառավարության կողմից մեր գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումներով», – նշվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ հիմնադրամը պահպանելու է իր՝ որպես իրավաբանական անձի գրանցումը երկրում, որպեսզի քաղաքական հանգամանքների փոփոխության դեպքում վերադառնալու հնարավորություն ունենա։







