Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակվող խափանումները կարող են հանգեցնել համաշխարհային պարենային ճգնաժամի։ Միջազգային առևտրի պալատի «ICC» գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի խոսքով՝ նեղուցով անցնում է աշխարհում պարարտանյութերի մատակարարումների մոտ մեկ երրորդը, իսկ նավագնացության խափանումների հետևանքով դրանց արտադրության և մատակարարման հասանելի հզորությունները կրճատվել են գրեթե 40%-ով։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը։
Դենթոնի կանխատեսմամբ՝ եթե առաջընթաց չգրանցվի Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցում, հացահատիկային մշակաբույսերի գները կարող են աճել մինչև 80%-ով։ Նրա խոսքով՝ իրավիճակի հետևանքով հատկապես խոցելի են զարգացող երկրները, որոնք մեծապես կախված են պարարտանյութերի ներմուծումից։
Միաժամանակ, «ICC»-ն ՄԱԿ-ի գործակալությունների և Միջազգային ծովային կազմակերպության հետ մշակում է նեղուցով նավագնացության ժամանակավոր կառավարման մեխանիզմ։ Այն նախատեսում է նավերի երթևեկության մոնիթորինգ, ստուգումներ, ապահովագրություն և անվտանգ անցման կանոններ։ Սակայն մեխանիզմի գործարկումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է համաձայնություն ԱՄՆ-ի և Իրանի միջև։








