Թուրքիայում լրագրող Թուբա Թեքերեքը ձերբակալվել է 2024 թվականին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակած ռեպորտաժի պատճառով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Այս մասին հայտնել է թուրքական «Bianet» գործակալությունը։
Խոսքը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակված նյութի մասին է, որը Թեքերեքը պատրաստել էր Թբիլիսիից։ Ռեպորտաժում անդրադարձ էր կատարվել Վրաստանում ԼԳԲՏՔ+ համայնքի հետ կապված օրենսդրական քննարկումներին և «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած՝ «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրենսդրական կարգավորումներին։
Ոստիկանության պնդմամբ՝ հրապարակման բովանդակությունը կարող էր վնասել «հասարակական բարոյականությանը և անչափահասներին»։
Թեքերեքի ձերբակալությանն արձագանքել են Թուրքիայի լրագրողական և մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պահանջելով ազատ արձակել լրագրողին և գործը դիտարկելով խոսքի ազատության համատեքստում։








