ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թեհրանը պետք է էապես կրճատի ուրանի հարստացման իր կարողությունները, որպեսզի պատերազմն ավարտվի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ, սակայն Վաշինգտոնը պահանջում է կոնկրետ քայլեր։ Այս մասին Վենսը հայտարարել է «Reuters»-ին տված հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ եթե Իրանը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել, ապա պետք է հրաժարվի բարձր հարստացված ուրանի արտադրությունից։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում «խոսքերը փոխանակել գործողությունների հետ» և Իրանի կողմից ուրանի հարստացման ոլորտում «էական» փոփոխություններ է ակնկալում։
Վենսը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնին պարզ չէ, թե որքան լիազորություններ ունեն նրանք Իրանի որոշումների կայացման համակարգում։







