Թուրքիան առաջիկա շաբաթներին մտադիր է լրացուցիչ զինվորականներ և պաշտպանական տեխնիկա ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումներից երկրի ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Այս մասին «Middle East Eye»-ին հայտնել են թուրք պաշտոնյաներ։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան արդեն անցյալ տարվանից Սաուդյան Արաբիայում ունի տեխնիկական խմբեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և էլեկտրոնային պայքարի սարքավորումներ, որոնք օգտագործվում են կարևոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների պաշտպանության համար։ Այժմ Անկարան նախատեսում է ուղարկել լրացուցիչ տեխնիկա, մասնագետներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր և սահմանափակ թվով զինվորականներ։
Թուրքական կողմի ծրագրերի համաձայն՝ խորհրդարանի հաստատումից հետո Սաուդյան Արաբիա կարող են ուղարկվել նաև օդաչուներ և ինքնաթիռներ՝ Եմենում գործող հութիների կողմից արձակվող անօդաչու սարքերի և բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար։ Միաժամանակ թուրք պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Անկարան չի նախատեսում մեծ թվով զինվորականներ ուղարկել և չի պատրաստվում անմիջականորեն միջամտել Եմենի ռազմական գործողություններին։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, թուրքական ուժերը, կարող են մասնակցել Ռիադի, սրբավայրերի և Սաուդյան Արաբիայի արևելք-արևմուտք նավթամուղի արևմտյան հատվածի պաշտպանությանը։ Դրանք նախատեսվում է տեղակայել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ուժերի հետ համատեղ համակարգման կենտրոններում։
Ծրագիրը կապված է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի՝ հոկտեմբերի 5-ին ընդունած որոշման հետ՝ արագորեն իրականացնել փոխադարձ պաշտպանության վերաբերյալ պայմանավորվածությունները։ Դրա շրջանակում երեք երկրները հայտարարել էին Սաուդյան Արաբիա անհրաժեշտ ռազմական ուժեր և միջոցներ ուղարկելու պատրաստակամության մասին։







