«Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի» շրջանակում Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների՝ Էր Ռիադում արտահերթ հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությամբ Թուրքիան և Պակիստանը զորքերի արագ տեղակայում կիրականացնեն Սաուդյան Արաբիայում։ RegionMonitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «NDTV World»-ը։
Հայտարարության մեջ նշվել է, որ երեք երկրների պաշտոնյաները հանդիպման ընթացքում անդրադարձել են Սաուդյան Արաբիայի դեմ վերջին հարձակումներին, մասնավորապես՝ Մեքքա և Մեդինա սրբավայր քաղաքների թիրախավորմանը՝ առանց հութիների անունը հիշատակելու։
Թուրքիան և Պակիստանը պայմանավորվել են նաև «անհապաղ անցնել հավաքական պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացմանը»՝ տրամադրելով համաձայնեցված ռազմական ուժերն ու միջոցները և ապահովելով դրանց արագ տեղակայումը թագավորությունում։
Հայտարարությունում չի հստակեցվել, թե Սաուդյան Արաբիայում տեղակայվելուց հետո զորքերն ինչ առաջադրանքներ են կատարելու, սակայն «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի» համաձայն՝ կողմերից մեկի վրա հարձակման դեպքում մյուս երկու կողմը պարտավորվում են օգնություն ցուցաբերել միմյանց։
Հիշեցնենք, որ հուլիսին Եմենում քաղաքացիական պատերազմի վերսկսումից ի վեր հութիները բազմիցս հարձակվել են Սաուդյան Արաբիայի քաղաքների, նավթային ենթակառուցվածքների և նավերի վրա։ Սեպտեմբերին հութիները նոր հարձակման արդյունքում զգալի տարածքներ են գրավել Եմենում, որը վայելում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը։ Եմենի կառավարական ուժերը երկուշաբթի Էր Ռիադի աջակցությամբ հակահարձակում են սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել հութիների վերահսկած բոլոր տարածքների նկատմամբ, որոնց մի մասը նրանց ձեռքում է ավելի քան մեկ տասնամյակ։








