Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք՝ աջակցելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը Վոլոդիմիր Զելենսկու հասցեին։ Այս մասին գրել է «Deutsche Welle»-ն։
Մասկը մեկնաբանել է Թրամփի այն հայտարարությունը, թե Զելենսկին չափազանց հեռուն է գնացել՝ հարվածներ հասցնելով Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Թրամփը պնդել է, որ այդ հարվածները խնդիրներ են ստեղծում համաշխարհային մակարդակով։
Ավելի ուշ Մասկը համաձայնել է Թրամփի այն պնդմանը, որ Ուկրաինային նոր նախագահ է անհրաժեշտ։
«Deutsche Welle»- ի փոխանցմամբ Մասկը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ հնարավոր կլինի դադարեցնել միայն այն դեպքում, եթե Կիևը զիջումների գնա Մոսկվային։ Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են Մասկի «Starlink» արբանյակային կապի համակարգը, սակայն գործարարը չի թույլատրել այն օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար։








