Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի դեմ նոր լայնածավալ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Իսրայելի պաշտոնյայի խոսքով՝ Նեթանյահուն մտահոգություն է հայտնել իսրայելական հետախուզության տվյալների առնչությամբ, ըստ որոնց՝ Իրանը քայլեր է ձեռնարկում միջուկային ծրագիրը վերականգնելու ուղղությամբ։
«Axios»-ի աղբյուրների համաձայն՝ քննարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության հնարավորությունը, որի թիրախները կարող են լինել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Աղբյուրները նաև հայտնել են, որ երկու երկրների զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել հնարավոր գործողության, թեև Թրամփը հայտարարել էր, որ մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի պատրաստվում հարվածել Իրանին։
Հրապարակման համաձայն՝ Թրամփի վարչակազմում այս հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարությունը կողմ են հարվածների վերսկսմանը, մինչդեռ նախագահի խորհրդականների մեծ մասը նախընտրում է առայժմ շարունակել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների և ճնշման այլ միջոցների կիրառումը։
«Axios»-ի աղբյուրները նշել են, որ Իրանի դեմ նոր ռազմական գործողության հնարավորությունը քննարկվել է նաև հոկտեմբերի 2-ին Քեմփ Դևիդում կայացած՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների խորհրդակցության ընթացքում։








