Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը 2026 թվականի մարտից նոր թափ է ստացել։ Այս մասին Երևանում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն, որը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին։
Յումաքլըն հիշեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, իսկ 2026 թվականի մարտից՝ «Թուրքական ավիաուղիներ»-ի թռիչքների մեկնարկով, այն առավել ակտիվացել է։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները նույնպես նպաստում են հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացին։
«Մենք՝ որպես Թուրքիա, ցանկանում ենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդում։ Հուսով եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումը կարևոր ձեռքբերումներ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասին»,- նշել է Յումաքլըն։
Անդրադառնալով Երևանում անցկացվող COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին՝ թուրք նախարարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հնչող ուղերձները կհասնեն միջազգային հանրությանը։







