Ժամանակն է, որ եվրոպացիները սկսեն ավելի քիչ մտածել սեփական հարմարավետության և ավելի շատ՝ Եվրոպայի ապագայի մասին։ Այս մասին Բրյուսելում՝ Եվրամիության նոր յոթնամյա բյուջեի քննարկմանը նվիրված գագաթնաժողովից առաջ, հայտարարել է Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը՝ ընդգծելով Ուկրաինային շարունակական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Լատվիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը լրացուցիչ ծախսեր է պահանջում, սակայն ԵՄ բնակիչների համար այդ աջակցության գինը չնչին է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ դրված է ուկրաինացիների կյանքի կշեռքին։
«Քաղաքական տեսանկյունից սա նշանակում է, որ մենք պետք է մի փոքր քիչ մտածենք հարմարավետության մասին, մի փոքր քիչ մտածենք մեր մասին և ավելի շատ մտածենք այն մասին, թե ինչն է ավելի լավ ընդհանուր Եվրոպայի համար»,- շեշտել է նա։
Լատվիայի վարչապետը վստահություն է հայտնել, որ ԵՄ երկրներն ի վիճակի են իրենց թույլ տալ նման ծախսեր։
«Ուկրաինային աջակցելը փող արժե՝ տարեկան մեկ գարեջուր պակաս յուրաքանչյուր եվրոպացու համար։ Ուկրաինան դրա կարիքն ունի հիմա։ Մեկ գարեջուրը դառնում է կյանքի գին։ Մենք ավելի քիչ կխմենք և ավելի շատ կյանքեր կփրկենք։ Ամեն ինչ շատ պարզ է»,- նշել է Կուլբերգսը։
Նա նաև ընդգծել է, որ ուժեղ Ուկրաինան բխում է ողջ Եվրոպայի շահերից, հատկապես՝ ձմռանն ընդառաջ։ Ըստ նրա՝ եթե Կիևը պահպանի դիմակայունությունը, Եվրոպան նույնպես ավելի ուժեղ կլինի, մինչդեռ Ուկրաինայի թուլացումը լուրջ ռիսկեր կստեղծի ողջ մայրցամաքի համար։
Բացի այդ, Կուլբերգսը Եվրամիությանը կոչ է արել ավելի խստորեն ապահովել Ռուսաստանի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցների կատարումը։ Նա նշել է, որ ռուսական բալիստիկ հրթիռներում մինչ օրս հայտնաբերվում են եվրոպական 85 ընկերությունների արտադրանք և բաղադրիչներ։
«Եթե մենք պատժամիջոցներ ենք սահմանում, պետք է ապահովենք դրանց կատարումը»,- հայտարարել է Լատվիայի վարչապետը՝ հավելելով նաև ռուսաստանցիներին վիզաների տրամադրման արգելք սահմանելու անհրաժեշտության մասին։







