Բաքվում անհետ կորել է ակտիվիստ և նկարիչ Իլքին Հուսեյնովը, որը նախաձեռնել էր դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքող աշակերտների համար լրացուցիչ դասընթացների կազմակերպումը։ Այս մասին, «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է OC Media-ն։
Ակտիվիստ Ջավիդ Աղան պատմել է, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անհայտ անձինք այցելել են Հուսեյնովի բնակարան, որից հետո նա նրանց հետ հեռացել է տնից։ Այդ պահից նրա հեռախոսն անջատված է, իսկ գտնվելու վայրն անհայտ է։
Աղան հայտնել է նաև, որ Facebook Messenger-ում Հուսեյնովի հետ նամակագրության ընթացքում ծանուցում է ստացել, ըստ որի՝ Հուսեյնովի հաշվին նոր սարք է միացվել։ Նա մտավախություն է հայտնել, որ ակտիվիստի օգտահաշիվը կարող է հայտնված լինել այլ անձանց վերահսկողության տակ։
Հուսեյնովը վերջերս նախաձեռնել էր «Թող Լեյլին դպրոց գնա» նախագիծը, որի նպատակն էր ուսուցիչների օգնությամբ լրացուցիչ դասընթացներ կազմակերպել հիջաբի սահմանափակումների պատճառով դպրոց չհաճախող աշակերտների համար։
Նախագծի կայքն ու Instagram-ի էջը հոկտեմբերի 15-ի առավոտյան արդեն անհասանելի էին։
Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Հուսեյնովը ձերբակալվել կամ բերման է ենթարկվել։







