Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (CICA) նիստում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, միջազգային միջանցքներին և արտաքին ուժերի միջամտությանը։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Ղարիբաբադին ընդգծել է, որ Իրանի սկզբունքային դիրքորոշումը պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն անվերապահորեն հարգելն է, և CICA-ի անդամ երկրներից ակնկալվում է սկզբունքային ու միասնական դիրքորոշում որդեգրել ցանկացած ռազմական ագրեսիայի դեմ։ Ղարիբաբադին նաև կոչ է արել Իսրայելին դուրս թողնել կազմակերպությունից։
Անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակի սրման հնարավոր հետևանքներին, տարածաշրջանային անվտանգությանն ու հաղորդակցության ուղիներին՝ Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է․
«Այս իրավիճակի շարունակման և սրման դեպքում ճգնաժամը չի սահմանափակվի միայն Իրանով և Արևմտյան Ասիայի տարածաշրջանով։ Այդ պարագայում աշխարհը կտուժի անվտանգության բացակայությունից, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի ոլորտներում և այն միջանցքներում, որոնք ստեղծվել են հսկայական ծախսերով»։
Ղարիբաբադին ընդգծել է, որ ոչ մի երկիր չի կարող իր անվտանգությունն ապահովել այլոց անկայունության հաշվին, իսկ Ասիայում անվտանգությունը կայուն կլինի միայն այն ժամանակ, երբ դրանից օգտվեն բոլորը։ Նա հավելել է, որ կայունությունը ձևավորվում է բացառապես տարածաշրջանի երկրների միջև երկխոսության, վստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա, և ոչ մի արտաքին կողմ չի կարող որոշել տարածաշրջանի ճակատագիրը։
Խոսելով CICA-ի առաջնահերթությունների և միջանցքների մասին՝ Իրանի դիվանագետը հայտարարել է․ «Կապակցվածության ոլորտում Իրանը պատրաստ է լայնամասշտաբ համագործակցության, և նրա աշխարհագրական դիրքը Ասիայի միջանցքների բնական միավորման վայրն է։ Ընդգծում ենք, որ բոլոր հաղորդակցության ուղիները պետք է ձևավորվեն՝ լիովին հարգելով երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանաչված սահմանները»։







