Սպիտակ տան վարչակազմը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է սահմանափակել Ուկրաինայի կողմից Starshield արբանյակային կապի համակարգի (Starlink-ի ռազմական տարբերակի) օգտագործումը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Ուկրաինայի զինված ուժերի համար այս համակարգն ունի կենսական նշանակություն, քանի որ այն օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։ Հատկանշական է, որ համակարգի աշխատանքի ժամանակավոր սահմանափակման որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի կողմից ճնշումների ֆոնին․ նա Կիևից պահանջում է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։
Հոկտեմբերի 14-ին Կիևից հայտնել էին, որ SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքի արագությունը, ինչը հանգեցրել է մի շարք ռազմական առաջադրանքների ձախողման։ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկն այն ժամանակ նշել էր, որ Starshield-ի արագության ցանկացած սահմանափակում «որոշում են ամերիկացի զինվորականները, իսկ ի վերջո՝ ԱՄՆ նախագահը»՝ հավելելով, որ այդ համակարգը «չի կարող օգտագործվել հարձակողական ռազմական գործողությունների համար»։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Նա նշել է, որ Ուկրաինայում Starshield համակարգի աշխատանքի հետ կապված իրավիճակը «լիովին պարզ չէ»։
«Մենք հարցեր ունենք մեր ամերիկացի դաշնակիցներին և պատրաստվում ենք պարզաբանել դրանք։ Starlink սարքավորումների մի մասը ֆինանսավորվել է Գերմանիայի կողմից, ուստի մենք, բնականաբար, պնդում ենք, որպեսզի ամեն ինչ աշխատի, քանի որ մենք վճարում ենք դրա համար։ Ուկրաինան պետք է շարունակի ստանալ անհրաժեշտ ողջ աջակցությունը», – հայտարարել է Վադեֆուլը։
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Դոնալդ Թրամփի գործողությունները պետք է դիտարկել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների համատեքստում, որոնք նախագահի համար ընթանում են «ոչ ամենապարզ ձևով»։ Վաշինգտոնի վերջին քայլերը նա որակել է որպես Կիևի վրա ճնշման ուժեղացում և դրանք անվանել սխալ։
«Եվրոպան այլ կերպ է գործում․ մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում Ռուսաստանի դեմ։ Դա է մեր քաղաքականությունը, և այն արդյունք է տալիս»,- եզրափակել է Վադեֆուլը։







