Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ հայաստանյան որոշ մեդիա ռեսուրսներում ԹՐԻՓՓ (TRIPP) նախագծի շուրջ Իրանի մտահոգությունների մասին մեկնաբանությունները էականորեն ուռճացված են։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
Անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Իրան կատարած այցի ընթացքում իրանական կողմի մտահոգությունները փարատելու հարցին՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարը նշել է․
«Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում կան հարցեր, այդ հարցերին պատասխաններ տրվել են, իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է»։
Միրզոյանի խոսքով՝ իրանական կողմին, մասնավորապես, հետաքրքրել է՝ արդյոք լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով․
«Չի լինելու, մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու, թղթերը այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք, իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու… իրենք էլ կպնելու են, չէ, այդ երկաթուղային ցանցը կարողանալու են օգտագործել։ Դասագրքային ճշմարտություն է, որ երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղ երկուսի հարաբերություններում, միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը»,- պարզաբանել է նա։
Նախարարը հավելել է, որ այդ հարցերը բարձրացվել են դեռևս մեկ տարի առաջ և ստացել համապատասխան պարզաբանումներ, իսկ վերջին այցի ընթացքում դրանք ուղղակի վերահաստատվել են։







