Ռուսաստանը հոկտեմբերի 19-ի գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, քաղաքի երեք շրջաններում շենքեր և ենթակառուցվածքներ են վնասվել։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում կիրառել է բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև 269 անօդաչու թռչող սարք։ Հայտարարվել է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 243 անօդաչու սարք և չորս հրթիռ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը Ուկրաինայի տարածքում «զանգվածային հարվածներ» է հասցրել։ Ըստ նախարարության՝ թիրախների թվում եղել են անօդաչու սարքերի բաղադրիչներ արտադրող արդյունաբերական օբյեկտներ, ռազմական նշանակության բեռներ պահելու համար օգտագործվող լոգիստիկ կենտրոն և երկաթուղային պահեստ։ Նախարարությունը նաև հայտնել է Օդեսայի նավահանգստից հարավ-արևմուտքում ռազմական և երկակի նշանակության բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասին։







