Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի շրջանակում այցելել են Դիարբեքիրի կազմակերպված արդյունաբերական գոտի և հանդիպել գոտու նախագահ Մուսթաֆա Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։
Դիարբեքիրի առաջին կազմակերպված արդյունաբերական գոտին զբաղեցնում է 1,186 հեկտար տարածք։ Այստեղ գործում է 370 գործարան, որտեղ աշխատում է շուրջ 23,000 մարդ։ Գոտում զարգացած են շինանյութերի արտադրությունը, էներգետիկան, պլաստմասսայի, տեքստիլի և մետաղի արդյունաբերությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացման հնարավորությունները, շինանյութերի մատակարարումները և գործարարների փոխադարձ այցելությունների կազմակերպումը։
Ֆիդանը շեշտել է, որ Դիարբեքիրի արդյունաբերողները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և ցանկանում են ավելի լավ ճանաչել հայկական շուկան՝ հասկանալու համար, թե ինչ ապրանքներ են ներմուծվում, որ երկրներից և ինչ պահանջարկ կա։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ մեր առևտուրը զարգանա, որ կարողանանք առևտուր անել։ Ուրախ կլինենք, եթե ձեր երկրում ներկայացնեք Դիարբեքիրն ու Դիարբեքիրի արդյունաբերությունը»,- ասել է նա՝ դիմելով լրագրողներին։
Համագործակցության հնարավորությունների համատեքստում Ֆիդանն առանձնացրել է շինանյութերի և կահույքի արտադրությունը՝ նշելով, որ տարածաշրջանը կարող է առաջարկել մարմար, ձուլվածքներ, կահույք, ՊՎՔ և ալյումինե արտադրանք, կերամիկա, ներկեր ու այլ ապրանքներ։
Վրաստանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա հաստատել է, որ այդ ճանապարհով ապրանքներ, այդ թվում՝ կահույք, արդեն տեղափոխվում են Հայաստան։
«Մենք ցանկանում ենք զարգացնել այդ գործը, այն ավելի բարձր մակարդակի հասցնել»,- նշել է Ֆիդանը։
Հանդիպման ընթացքում Ֆիդանն անդրադարձել է նաև հայերի պատմական դերին Դիարբեքիրի արհեստների և արտադրության զարգացման գործում։
«Երբ նայում ենք այստեղի բազմաթիվ ոլորտների ու արտադրությունների ակունքներին, տեսնում ենք, որ հին վարպետները՝ արհեստավորները, հայեր էին»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ մեդիա շրջայցն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։







