ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագրեր են մշակել։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ հնարավոր հարվածների թիրախում կարող են հայտնվել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային և անօդաչու սարքերի զինանոցը։ Միաժամանակ, աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր գործողությունները չեն ներառի նավթավերամշակման գործարաններն ու նավթային ենթակառուցվածքները։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կանխել վառելիքի գների հետագա աճը։
Ըստ The New York Times-ի՝ քննարկվում է «կարճ, բայց ինտենսիվ գործողության» տարբերակը։ ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը նաև ակտիվացրել են զորավարժությունները՝ մշակելով հարվածային գործողությունների սցենարներ։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այս շաբաթ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ հնարավոր նոր հարվածները քննարկելու համար։
Միևնույն ժամանակ, The New York Times-ը նշում է, որ դեռևս հարցեր կան այն մասին, թե որքան արդյունավետ կարող է լինել հնարավոր նոր գործողությունը՝ հաշվի առնելով փետրվար-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ինտենսիվ հարվածների արդյունքները։ Թերթը նաև ընդգծում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Թրամփը կհաստատի նոր հարվածների ծրագիրը։








