Հոկտեմբերի 23-ին Ստամբուլում նախատեսված է R4 և E3 ձևաչափերի երկրների արտգործնախարարների առաջին համատեղ հանդիպումը, որը կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Օրակարգում են պաղեստինյան հիմնախնդիրը, Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը, Եմենում և Սիրիայում զարգացումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Թուրքական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը նախատեսում է ընդգծել, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում առավել մեծ պատասխանատվություն պետք է ստանձնեն անմիջականորեն հակամարտություններից տուժող երկրները։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կանդրադառնա նաև Իսրայելի գործողություններին, Պաղեստինում երկու պետության սկզբունքով հակամարտության կարգավորման հեռանկարներին և Երուսաղեմի կարգավիճակին։
Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում Ֆիդանը, ըստ աղբյուրների, կարևորելու է տարաձայնությունների դիվանագիտական կարգավորումը՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն առճակատման։
Քննարկվելու է նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով նավագնացության ազատության վերականգնման հարցը։
Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ֆիդանը նախատեսում է վերահաստատել Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և կանխելու ռազմական գործողությունների տարածումը Սևծովյան տարածաշրջանում։
Նշենք, որ R4 ձևաչափը միավորում է Թուրքիային, Եգիպտոսին, Պակիստանին և Սաուդյան Արաբիային։ Այն ստեղծվել է տարածաշրջանային երկխոսությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։ 2026 թվականի մարտից ի վեր այս ձևաչափով անցկացվել է արտգործնախարարների վեց հանդիպում։
E3 ձևաչափում ընդգրկված են Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այն ձևավորվել է 2003 թվականին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական համագործակցության շրջանակում։








