ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Իրանի դեմ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոյի ժամկետը երկարաձգող բանաձև։ Նշվում է, որ Վաշինտոնն այս բանաձևը ներկայացրել է հակառակ նրան, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ու ԱԽ նախագահին նամակ էր ուղարկել, որում նշել էր, որ անհրաժեշտություն չկա ԱԽ նիստի ժամանակ քննարկել Իրանի նկատմամբ սահմանված արգելքի երկարաձգումը։
Մասսայական ոչնչացման զենքի տարածումը կանխելու թեմայով ԱԽ-ի նիստը կկայանա հունիսի 30-ին, որտեղ էլ մեծ հավանականությամբ կքննարկվի ԱՄՆ-ի ներկայացրած փաստաթուղթը։ Ներկայացված փաստաթղթով առաջարկվում է հոկտեմբերի 18-ից հետո, երբ լրանում է գործող արգելքի ժամանակահատվածը, բոլոր երկրները բացառեն զենքի ու զինամթերքի առքն ու վաճառքը Իրանի հետ, ինչպես նաև իրենց տարածքով մատակարարումը այդ երկրին։
Որպես հիմնավորում մատնանշվել է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի գնահատականներով Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա կատարված օդային հարձակման ժամանակ օգտագործվել են իրանական արտադրության թևավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։